понедельник, 12 декабря 2016 г.

Հայաստանում էմոների թիվը չի հասնում հարյուրի. սա պաշտոնապես:
«Այսօր այնքան տխուր եմ: Ոչ ոք ինձ չի հասկանում, ես էս աշխարհում մենակ եմ»:
Ահա այսպես են համացանցում միմյանց հետ շփվում դեռահաս էմոները: Նաեւ շփվում են կասկածելի բջջային սպառնալիք -հեռախոսահաղորդագրություններով. «Շտապի՛ր, քեզանից հետո մեծ հերթ կա …, եթե քեզ չըսպանես, մենք կսպանենք»:
Կյանքի հանդեպ տածած հակակրանքը գերագույն հաճույք է նրանց համար: Մամուլն ու համացանցը ողողված են մեր երկրում ծայր առած դեռահասների ինքնասպանությունների եւ դրանց սերտորեն առընչվող էմոների մասին նյութերով: Ովքեր են դրանք:
«Էմոն» էմոցիոնալ (դյուրազգաց) բառի կրճատ ձեւն է, որ արդեն հաճախ է հանդիպում մեր երկրի տարբեր բնակավայրերում: Առաջին անգամ այս տերմինը, որը նաեւ երաժշտական ոճի անվանում է, օգտագործվել է 1985 թ.: 1990-ական թթ. էմո ոճը տարածվեց ամբողջ աշխարհով, անկախ նրանից, թե հետեւողներն այդ երաժշտության հանդեպ սեր ունեն, թե ոչ: Իսկ 2000 թ. այն դարձավ ենթամշակութային երեւույթ: Առաջին էմոները Հայաստանում հայտնվել են 2007 թ: 12-18 տարեկան այս դեռահասներին, հիմնականում աղջիկներին, հնարավոր է հանդիպել ռոք-համերգների ժամանակ, որը սատանայական է համարվում: Նրանք դեպրեսիվ, անտարբեր ու մելամաղձոտ դեմքով, ռոքի հընչյունների տակ մոլագար թափահարում են գլուխները, իսկ հետո նույն «դարդոտ» տեսքով հեռանում համերգից: Նրանց արտաքինը . սեւ ներկած եղունգներ ու մազեր, թեք` մեկ աչքը ծածկող չոլկաներ, պիրսինգ, սեւ եւ վարդագույն զգեստներ, ձեռնոցներ, ջինսեր, մուգ ակնոցներ,արծաթագույն ճարմանդներով վարդագույն կամ սեւ գոտիներ, պարանոցին` հաստ շղթաներ, շարֆեր եւ այլն: Կարելի է տեսնել նեղ ջինսով էմո տղաների, որոնք ոչնչով չեն տարբերվում աղջիկներից. նույն սանրվածքը, հագուստի գույները: Այս երիտասարդները լսում են էմո երաժշտություն “Տոկիո հոթել”, Ավրիլ Լավին եւ այլն: Զգացմունքների արտահայտումը էմոների գլխավոր կանոնն է, իսկ իրենց էմո համարող պատանիների մշտական զգացումներն են ծայրահեղ տխրությունը, մշտական դեպրեսիան:Մշտապես դեպրեսիվ էմոներն անգամ փորձում են իրենք իրենց վնասել. թե ֆիզիկական, թե հոգեկան ցավ պատճառել, իսկ հաճախ էլ ինքնասպանության փորձ են կատարում: Հիմնականում դա անում են սիրելի էակների հետ: Համացանցով էմոները քարոզում են զզվանք եւ ատելություն սեփական անձի եւ կյանքի նկատմամբ: Նրանք անվնաս են միայն առաջին հայացքից, իրականում ագրեսիվ, անհանդուրժող ու հեղափոխական են: Որեւէ վառ գույնի համադրությամբ նրանց սեւ հագուստը հենց բնորոշում է կյանքը խեղդելու մոլուցքը: Որպես կանոն, Էմո-դեռահասները խնդիրներ ունեն ընտանիքում եւ հանրության հետ: Իրենց արտասովոր արտաքինը ապահովելու համար նրանք դիմում են անգամ կողոպուտի. գողանալով հարազատ ծնողների արժեքավոր իրերը: Ոչ էմո պատանիներին անվանում են «մամայի բալիկներ», ինչով բացահայտում են իրենց ապստամբ նկարագիրը եւ ապացուցում, որ Պողոս առաքյալի նշած վերջին ժամանակների «ծնողներին անհնազանդ» սերունդն են: Իրենց դեպրեսիվ ներաշխարհն ու վարքը եւ երակներ կտրելու ու ինքնասպանության հանդեպ ձգտումը պատճառաբանում են. «Մեզ չեն հասկանում», այնինչ նրանք, ըստ էության, առանձնապես ասելիք էլ չունեն: Ռուսաստանում էմոների եւ նմանատիպ խմբավորումների դեմ արվում են գործնական քայլեր: Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական լսումներում քննարկվել է «Պետական քաղաքականությունը երեխաների հոգեւոր-բարոյական դաստիարակման շուրջ» օրինագիծը: Նրանում նշվում է, որ էմոյական մշակույթի բացասական գաղափարախոսությունը երիտասարդներին անջատում է հասարակությունից եւ նույնիսկ դրդում ինքնասպանության, եւ այդ իմաստով առավել անպաշտպան են աղջիկները:
Օրինագիծը դեռեւս ընդունված չէ, սակայն մի քանի քաղաքներում սկսել են էմոներ եւ գոթեր որսալ, ինչը բողոքի ալիք է առաջացրել: էմոները դուրս են գալիս փողոցներ` բողոքելու գործադրվող պատժամիջոցների դեմ. «Օրենքը չի արգելում արտահայտել մեր հույզերը», ասում են նրանք ու ավելացնում, «եթե ցանկանում ենք ինչ-որ բանով մեզ ծակել կամ լսել էմոցիոնալ երգեր, դա մեր գործն է, մեր իրավունքը, մեր անձնական կյանքը, եւ ոչ ոք չի կարող այն փոխել»:Սա խելագարի բարբաջանք է հիշեցնում, քանզի կյանքի վրա թքողը անթաքույց թքում է կյանքի Արարչի վրա, որ ասում է.« Ես եկա, որպեսզի կյանք ունենաք եւ լիուլի ունենաք», եւ գաղտնիք չէ, թե ում դրդմամբ: Դրա վկայությունը նրանց էմոցիաները սնուցող «քրիստոնեական» ռոքն է եւ նրա ակունքներում ընկած նույնքան «քրիստոնեական»բողոքական շարժումը:
«Հայաստանում դեռեւս այնքան էլ զարգացած չէ էմո շարժումը, բայց մենք գնալով շատանում ենք ու հուսով ենք` մեր շարժումը գնալով ավելի կզարգանա», – գրում են էմոները: Մտաբերելով բազմաթիվ մռայլ ու տխուր դեմքերով ու ագրեսիվ շարժուձեւերով մուլտհերոսներին` մտավախությունը մեծ է, որ նրանց հույսերը կիրականանան` շնորհիվ անուշադիր ու անտարբեր ծնողների: Ամենայն հավանականությամբ, էմոների հայաստանյան առաջին սերունդը եւս այդ չարահնար մուլտֆիլմերի եւ դրանց ֆոնային ագրեսիվ ռոք երաժշտության ցանած սերմերն են. մոլախոտերն էլ ունեն սերմեր, որ տարածվում են պատահական քամիներից:
Հայաստանյան էմոները աչքի չեն ընկնում կրթության բարձր մակարդակով, նրանք իրենք էլ շատ բան չգիտեն իրենց որդեգրած արժեքների մասին: Անհասկանալին արտաքնապես կրկնօրինակելու նրանց անհաջող փորձերը հանգեցնում են հասարակության մերժողական վերաբերմունքին, արդյունքում` նրանց շատ սիրելի ինքնակտտանքներն ու ինքնասպանության փորձերը ունենում են անդառնալի եւ ողբերգական հետեւանքներ:

Комментариев нет:

Отправить комментарий