суббота, 15 октября 2016 г.

Արեգակը Երկրի վրա կյանքի աղբյուր է, սակայն այն միևնույն ժամանակ կարող է քայքայել կյանքն իր անտեսանելի ուլտրամանուշակագույն ճառագայթներով և այդ ճառագայթներից կենսոլորտը պաշտպանում է մթնոլորտի օզոնային շերտը։ Օզոնը թթվածնի ատոմների յուրահատուկ միացություն է (Օ3)։ Մթնոլորտում օզոնի մոլեկուլն անկայուն է, այսինքն և տրոհվում, և վերականգնվում է խիստ հավասարակշռված հարաբերակցություններով։ Օզոնային թաղանթը բաշխված է վերնոլորտում (ստրատոսֆերա)՝ 25-30 կմ բարձրությունների միջև և կազմում է Երկրի մթնոլորտի միայն մի աննշան մասը։ Եթե մթնոլորտում պարունակվող ամբողջ օզոնը նորմալ ճնշման պայմաններում բաշխենք երկրագնդի մակերեսով, ապա կստացվի շուրջ 3 մմ հաստությամբ շերտ, որի պատճառով էլ այն կոչվում է օզոնային շերտ։
Չափազանց պայծառ լույսը կամաց-կամաց վնասում է առողջ աչքերը, և որքան նոսր է օզոնային շերտը, այնքան ավելի է մեծանում աչքի հիվանդությունների (կատարակտ, ընդհուպ մինչև կուրացում) սպառնալիքը, թե մարդկանց, թե կենդանիների շրջանում։ Ու եթե մարդը կարող է հնարավորինս զերծ մնալ ուլտրամանուշակագույն ճառագայթների անմիջական ազդեցությունից, օրինակ՝ պարտադիր պաշտպանիչ ակնոց կրելով, մաշկը պահպանելու համար նախատեսված երկարաթև հագուստ ու լայնեզր գլխարկ կրելով, ապա կենդանական աշխարհի ներկայացուցիչները այդ ամենը անել չեն կարող։ Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից վնասվում են օրգանիզմի դիմադրողական ֆունկցիաները։ Եթե անգամ մարդը պատվաստված է, օրինակ՝ տուբերկուլյոզի կամ մալարիայի դեմ, ապա վերնոլորտում օզոնի պակասի հետևանքով պատվաստման արդյունքը զրոյանում է, և օրգանիզմը կորցնում է վարակի և նրա հարուցիչների դեմ պայքարելու ունակությունը։ Մաշկը չի կարող պաշտպանել օրգանիզմի իմունային համակարգը արևի ազդեցությունից։ Եթե օզոնային շերտի քայքայումը շարունակվի, ապա ողջ կենդանական աշխարհին սպառնում է մահացու վտանգ։
Օզոնային շերտի քայքայումը նմանակող լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելացումը արգելակում է կարևորագույն գյուղատնտեսական այնպիսի մշակաբույսերի աճը, ինչպիսիք են, օրինակ՝ լոբազգիները։ Այլ բուսատեսակների վրա կատարված փորձերը պարզել են, որ դրանց մեծամասնությունը նույնպես զգայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Այդ վտանգից զերծ չեն նաև անտառները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ սոսիներն աճում են 2 անգամ դանդաղ, իսկ դա իր հերթին խախտում է բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը։
Ամեն տարի օզոնային շերտի նվազման հետևանքով պակասում է Անտարկտիդայի պլանկտոնը, որից տուժում են ծովաբնակ կենդանիները։ Նախ նվազում են նրանց կերային պաշարները, և բացի դրանից, ծանծաղուտներում բնակվող ձկների և մոլյուսկների թրթուռները շատ զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության նկատմամբ, ինչը հանգեցնում է դրանց զանգվածային ոչնչացմանը։

Комментариев нет:

Отправить комментарий